Ֆեյսբուքյան գրառումների համար պետք է քրեական պատասխանատվություն սահմանել. ՀՀԿ պատգամավոր
««Ֆեյսբուք» սոցիալական կայքում արված գրառումների համար պետք է քրեական պատասխանատվություն սահմանել»,- երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ, անդրադառնալով վերջերս համացանցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի հայտնի հայտարարությանը, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: «Եթե ֆեյսբուքյան էջը որպես անհատ անձերի երկխոսության դաշտ է ընդունվում, ապա անձանց պատասխանատվության չի կարելի ենթարկել, իսկ եթե մի դաշտ, որտեղ հայհոյախառը խոսքերը որպես հիմք ենք ընդունում, պետք է պատասխանատվության ենթարկել: Նույնկերպ էլ ֆեյսբուքում, եթե հասարակ մահկանացուն հայհոյում է իշխանության ներկայացուցիչներին կամ այլ մարդկանց, ուրեմն իրենց դեմ էլ պետք է վարույթ սկսել: Ինչի՞ եք մենակ պատգամավորի դեպքում պատասխանատվություն պահանջում: Մարդը կարող ա մի իրավիճակում է հայտնվում, որ չի կարողանում իրեն տիրապետել ու նման արտահայտություններ է անում»,-նկատեց Սուքիաս Ավետիսյանը: Հիշեցնենք, որ օրերս ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը արձագանքելով ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանի գրառմանը ասել էր. «Չհամարձակվես գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ»: Նշենք, որ Գայանե Շահինյանը Արցախում զոհված զինվորի մահվան առնչությամբ գրել էր. «Էս պետություն չի, երկիր չի, նողկում ես ազգից, իշխանություններից, պաշտպանության նախարարությունից...»: Այս առնչությամբ հունվարի 13-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից փոստային առաքման միջոցով դիմում է ներկայացվել ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողով՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի կողմից ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով սահմանված էթիկայի նորմերը խախտելու, մասնավորապես՝ ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանի հասցեին հնչեցրած բռնության և սպառնալիքի կոչերի ու վիրավորական արտահայտությունների վերաբերյալ որոշում կայացնելու հարցով: Աստղիկ Ավագյան
