Էրդողանը փորձում է հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը
Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Բարաք Օբաման հանդիպել են Չինաստանում տեղի ունեցող G-20 գագաթնաժողովի շրջանակում: Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն, 45 րոպե տևած հանդիպմանը երկու երկրի նախագահները քննարկել են Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև չափավոր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնմանն առնչվող հարցեր: Օբաման անդրադարձել է Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ձախողված փորձին՝ բարձր գնահատելով անմիջապես ժողովրդի մասնակցությամբ ռազմական միջամտության կասեցումը: Պաշտոնական Անկարան Գյուլենին մեղադրում է հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: Այն ժամանակ մի խումբ խռովարարներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Խռովարարներն իրենց վերահսկողության տակ են առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել է: «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաեւ նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն: Էրդողանը փորձում է հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը: Գյուլենն, իր հերթին, դարձել է Էրդողանի ամենանշանակավոր քննադատներից մեկը:
