Մերկելը՝ Թուրքիայի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի չեղարկման հեռանկարների մասին
ԵՄ-ի և Թուրքիայի միջև վիզային ռեժիմի ազատականացման մասին որոշմանը կարելի է հասնել առաջիկա շաբաթներին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Վիզայի չեղարկման համար Թուրքիային առաջադրված պայմանների մասին Եվրոպական հանձնաժողովի վերջին հաշվետվության մեջ նշված են երկու պայման, որոնց իրականացման համար Անկարայից առավել երկար ժամանակ կպահանջվի, և հինգ պայման, որոնք պետք է իրականացվեն առաջիկայում: Այդ պայմանների մեջ է մտնում հակաահաբեկչական օրենսդրության փոփոխությունը: Հենց այդ պայմանն են վիճարկում թուրքական իշխանությունները: Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ Եվրամիությունը Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը կարող է չեղարկել հոկտեմբերի 1-ից այն դեպքում, եթե Անկարան կատարի բոլոր անհրաժեշտ պայմանները, այդ թվում՝ փոխի հակաահաբեկչական օրենսդրությունը:
