ԵՄ երկրների ԱԳ նախարարները չեն քննարկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները հանելու հարցը
Եվրոպական միության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները Բրատիսլավայում ոչ ֆորմալ հանդիպման ընթացքում չեն քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները փուլային տարբերակով հանելու հարցը:Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ Անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին: «Մենք չենք շոշափել այդ հարցը, թեեւ այն ակտիվորեն քննարկվել է ԵՄ առանձին պետությունների կողմից, ինչպես, օրինակ, Գերմանիայի: Մենք ավելի կենտրոնացել ենք այն հարցի վրա, որպեսզի հասնենք մինսկյան պայմանավորվածությունների լիակատար իրականացմանը»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է Մոգերինին: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ԵՄ-ն կարող է առանց քննարկման երկարաձգել Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների և իրավաբանական անձանց դեմ պատժամիջոցները, որոնց ժամկետը լրանում է սեպտեմբերի 15-ին:
