Ցավակցական՝ Քարիմովի մահվան կապակցությամբ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ուրբաթ օրը ցավակցություն է հայտնել Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան կապակցությամբ՝ չհայտնելով, թե որտեղից է տեղեկություն ստացել Ուզբեկստանի առաջնորդի մահվան մասին, գրում է РИА Новости-ն: «Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը մահացել է: Թող Ալլահը հանգստություն բերի նրա հոգուն: Թուրքիայի Հանրապետության անունից Ուզբեկստանի ժողովրդին խորը ցավակցություն եմ հայտնում»,- ասել է Յըլդըրըմն Անկարայում կառավարության նիստի ժամանակ, որը հեռարձակվել է ուղիղ եթերով:Ուրբաթ առավոտյան Ուզբեկստանի կառավարությունը հայտնել է, որ Քարիմովը ծայրահեղ ծանր վիճակում է՝ շաբաթ օրը գլխուղեղի արյունազեղման պատճառով հոսպիտալացվելուց հետո: Ավելի ուշ Reuters գործակալությունը, վկայակոչելով անանուն դիվանագիտական աղբյուրների, հայտնել է Ուզբեկստանի նախագահի մահվան մասին: Ուզբեկստանի իշխանությունները չեն մեկնաբանում այդ տեղեկությունը:
