Վենեսուելայում Մադուրոյի հրաժարականն են պահանջում
Վենեսուելայի ընդդիմությունը մայրաքաղաք Կարակասի փողոցներ հազարավոր մարդկանց է դուրս բերել, որոնք նախագահ Նիկոլաս Մադուրոյի պաշտոնանկության հարցով հանրաքվե են պահանջում: Ըստ BBC-ի՝ ամբողջությամբ ճերմակ հագած ցուցարարները «Փոփոխությունների ժամանակն է» գրությամբ պաստառներ են պարզել: Երկիրը խորը տնտեսական ճգնաժամի մեջ է, որի պատճառը Մադուրոյի հակառակորդները համարում են նրա անարդյունավետ քաղաքականությունը: Կառավարությունն իր հերթին ընդդիմությանը մեղադրում է ցույցերով երկրում հեղաշրջում իրականացնելու փորձի համար: «Եթե նրանք ինչ-որ բան են ծրագրել՝ հեղաշրջում կամ բռնություն, ապա կառավարությունն անսպասելի եւ կործանարար պատասխան կտա»,- ասել է Մադուրոն: Միայն Կարակասի Չակաո շրջանում ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ շուրջ 500 իրավապահներ են հետեւում անվտանգությանը:
