Մենք լուրջ աշխատել ենք ռազմական պոտենցիալի վրա. նախարար
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության լիարժեք անդամ Հայաստանը վերջին տարիներին բավականին լուրջ աշխատանք է իրականացրել ՀԱՊԿ-ի դերակատարումը և ռազմական և քաղաքական առումով ամրապնդելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ ասուլիսին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Հատկապես մեզ վերաբերող մասով մենք լուրջ աշխատել ենք ռազմական պոտենցիալի ու ռազմական մասի կատարելագործման ուղղությամբ: Մեր առաջարկներով բազմաթիվ համակարգեր և նաև ուժեր են ձևավորվել, և նաև մեր առաջարկով է, որ ձևավորվել է նաև ռազմական կոմիտե։ Հիմա միջոցառումներ են ծավալվում ուժերի և միջոցների հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ»,-ասաց Սեյրան Օհանյանը: Նա նշեց, որ հնարավորությունների ընդլայնումը վերաբերում է նաև խաղաղապահ ուժերի ընդլայնմանը: Նախարարը նշեց, որ ՀԱՊԿ-ը ուզում է տեսնել որպես լիարժեք հզոր ռազմաքաղաքական կառույց, որը հատկապես կաջակցի ՀԱՊԿ-ի հետ ընդհանուր սահմաններ չունեցող Հայաստանին: «Կարելի է ասել, որ հիմա մենք այդ ճանապարհի վրա ենք»,-նշեց նախարարը։
