Օլանդը քննադատել է Սիրիայում Թուրքիայի գործողությունները
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը քննադատել է թուրքական ԶՈՒ-ի կողմից Սիրիայի տարածքում իրականացվող գործողությունները: Այս մասին գրում է The New York Times թերթը: Թերթի փոխանցմամբ՝ Օլանդը հայտարարել է, որ Ջերաբլուսում թուրքական ԶՈՒ-ի ու Սիրիայի իշխանությունների դեմ գործող «Սիրիական ազատ բանակ»-ի քայլերը «հակասական» են: «Ես հասկանում եմ, երբ խոսքը գնում է այն մասին, որ Թուրքիան պետք է պաշտպանի իր սահմաններն ու պայքարի «Իսլամական պետություն» խմբավորման դեմ: Սակայն լինելով ԻՊ-ի դեմ ձևավորված կոալիցիայի անդամ, որին անդամակցում ենք նաև մենք՝ քրդական խմբավորումների դեմ գործողություններ ծավալելը դատապարտելի է», - ասել է Օլանդը: Նա նաև կոչ է արել ԻՊ-ի դեմ պայքարում համագործակցել Ռուսաստանի հետ և հայտարարել է, որ պատրաստվում է հոկտեմբեր ամսին ՌԴ նախագահին հրավիրել Ֆրանսիա:
