Շվեդ ոստիկանները փախել են ներգաղթյալների ամբոխից
Վեստերոս քաղաքում (Շվեդիա) ներգաղթյալների ընդունման կենտրոն եկած ոստիկանության ջոկատը ամբոխի ճնշման տակ ստիպված է եղել նահանջել պահեստային ելքով: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով շվեդական VLT թերթին: Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի` հունվարի 20-ին, բայց իրավապահ մարմինները լռության էին մատնում դա, մինչեւ որ լրագրողների ձեռքում է հայտնվել տեղի ունեցածի վերաբերյալ զեկույցը: Միգրացիոն վարչությունը տեղեկություն է ստացել այն մասին, որ փախստականների համար օթեւաններից մեկում տասնամյա տղան կանոնավոր կերպով բռնության է ենթարկվում: Որոշում է կայացվել ներգաղթյալների մի մասի վերաբնակեցման մասին, բայց պաշտոնյաները նրանց կողմից դիմադրության են հանդիպել եւ ոստիկանությանն են դիմել օգնության խնդրանքով:
