Եթե այդ աթոռին նստեցի՝ այդ աթոռը խելո՞ք է.Ալեքսանդր Մանասյան
«Մենք մի տեսակ հետևում ենք, թե ինչ է անելու Ադրբեջանը և սկսում ենք քննարկել այդ հարցերը:Ադրբեջանի կեցվածքը,կաշառակերության դեպքերը Եվրոպական կառույցներում սրանք չէ, որ մենք պետք է քննարկենք»,-այս մասին Հայելի ակումբում հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:Քաղաքագետը անդրադարձավ ԵԽԽՎ-ում հնչած 2 հակահայկական զեկույցին և հայտնեց,որ մեր դիվանագիտությունը չի կարողանում լիարժեք ձևով իրականացնել իր պարտականությունները: «Իմ տպավորությունն այն է, որ մենք չունենք դիվանագիտության ճիշտ ըմբռնում: Մենք չունենք այդ բնագավառում աշխատելու ո՛չ ծրագիր, ո՛չ հայեցակարգ»,- հայտնեց Ալեքսանդր Մանասյանը: Քաղաքագետը նշեց, որ մեր պատվիրակության անդամները շատ հաճախ չեն տիրապետում Արցախյան հիմնախնդրին և առաջարկում է, որ այդ պատվիրակությունների մեջ ընդգրկվեն նաև փորձագետներ՝ դրական արդյունքի հասնելու համար: «Արդյո՞ք մեր պառլամենտակաները մի անգամ հրավիրել են փորձագետների՝ խոսելու համար, որ ահա այսպիսի խնդիր կա՝ ի՞նչ խորհուրդ կտաք: Ես կարծում եմ չի եղել:Ովքեր այդ խնդրով զբաղվում են՝ մի անգամ չեն հրավիրում:Այսպիսի տպավորություն կա .« եթե այդ աթոռին նստեցին՝ այդ աթոռը խելոք է»՝այդպես չէ»,-հայտնեց բանախոսը: «Այս որոշումը ընդունվեց, որովհետև մենք ճիշտ քաղաքականություն չենք տանում այդ Եվրոպական կառույցներում:Մենք պետք է այնպիսի տեղեկատվություն տարածենք, որպեսզի դա չլինի»,-հակահայկական զեկույցի ընդունման մասին իր կարծիքը հայտնեց Ալեքսանդր Մանասյանը: Այն հարցին , թե զեկույցի ընդունումը ինչ հետևանքներ կունենա մեզ համար, բանախոսը ասաց. «Ես չեմ վախենում այդ հետևանքներից, որովհետև միակ օրինական միջազգային կառույցը, որ զբաղվում է այդ հարցով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն է:Ադրբեջանը տարբեր կառույցներում հետևականորեն ստեղծում է հիմնախնդրի մի կերպար, որը մեզ համար աննպաստ է:Մենք դրան չենք հակադարձում»: «Եթե մենք զանգվածորեն չենք տիրապետում խնդրին՝ ինչի՞ մասին է խոսքը»,-պատվիրակության անդամների փոփոխության մասին վերջում իր կարծիքը հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Լուսինե Միքաելյան
