Պատասխանատվություն է կրում նախագահը` իր աշխատակազմի հետ միասին. Լարիսա Ալավերդյան
«Հայկական կողմի ակտիվ քաղաքականության բացակայության պատճառով Ադրբեջանը շարունակում է իր քայլերը: Ինձ համար միևնույն է կընդունվի, թե ոչ այս բանաձևը»,-այսօր Հայելի ակումբում «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը խոսեց ԵԽԽՎ-ում ներկայացված հակահայկական բանաձևերի մասին: «Գրեթե մեկ տարի այդ բանաձևը շրջանառության մեջ է դրվել: Եթե հայկական կողմը այս ընթացքում շրջանառության մեջ դներ մի բանաձև, ես կասեի գաղափարական պայքար է գնում, բայց դա այդպես չէ»,-հայտնեց Լարիսա Ալավերդյանը և ընդգծեց այն փաստը,որ սա հայկական կողմի պասիվ քաղաքականության արդյունքն է, որը ձևավորվել է դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ: Բանախոսը ԵԽԽՎ-ին բնութագրում է որպես կոռումպացված և ծախու կազմակերպություն, բայց միևնույն ժամանակ հայտնելով, որ մենք չպետք է այդ հանգամանքը ընդունելով ոչինչ չանենք: «ԵԽԽՎ-ում փոփոխություն չկա, դա ծախու և խնդրից անտեղյակ պատգամավորներ են, որ ընդունում են այդպիսի որոշում:Մենք ամեն անգամ ընկնում ենք երկրորդական նյութերի հետևից և ես համոզված եմ,որ մեր պատգամավորները տարիներ շարունակ լավ պատկերացում չունեն Արցախի հիմնահարցի մասին»,-նշեց ՀՀ նախկին օմբուսմենը և հիշեցրեց, որ այդ բանաձևի կողմ կամ դեմ քվեարկելուց հետո մեր գործադիր և օրենսդիր իշխանությունը չպետք է հանգստանա: Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ այստեղ կոնցեպցիայի պակաս կա և անհրաժեշտ է, որպեսզի մշակվի հստակ հայեցակարգ՝ դրական արդյունքի հասնելու համար: «Կարելի է տրամադրել այնպիսի հայեցակարգ ԱԺ պատգամավորներին, ի վերջո նաև պատասխանատվություն է կրում նախագահը՝ իր աշխատակազմի հետ միասին, որ նրանց թույլ կտա ավելի ազատ լինել դիվանագիտության մեջ և հասնել ցանկալի արդյունքի»,-առաջարկեց բանախոսը: Լուսինե Միքաելյան
