«Նրանց թվում է` եթե աթոռին նստեցին, խելքն աթոռի վրա է». Ալեքսանդր Մանասյան
Ըստ քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի՝ Ադրբեջանի խավիարային դիվանագիտությունը, կաշառակերության դեպքերը, ԵԽԽՎ-ում քննարկվող հակահայկական զեկույցների ընդունումը կամ մերժումը չէ, որ պետք է հայկական կողմը քննարկի: «Մենք մի տեսակ հետևում ենք, թե Ադրբեջանն ինչ պետք է անի, և սկսում ենք քննարկել հենց այդ հարցը: Բայց մեր խնդիրն այն է, թե մենք ի՞նչ պետք է անենք, ինչպե՞ս պետք է նախապես չեզոքացնենք տարբեր խնդիրներ: Իմ տպավորությամբ՝ մենք չունենք դիվանագիտության ճիշտ ըմբռնումը»,-շեշտեց նա Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում: « Մենք չունենք դիվանագիտության ճիշտ ըմբռնում: Մեզ մոտ դիվանագիտությունն ասոցիացվում է միայն նախագահի ու ԱԳՆ-ի հետ, այնինչ դիվանագիտությունը միայն պաշտոնականը չէ: Մենք չունենք այդ բնագավառներում աշխատելու ոչ ծրագիր, ոչ հայեցակարգ։ Կա պառլամենտական, նաև ժողովրդական դիվանագիտություն: Մեզ պետք է ժողովրդական դիվանագիտության խաղի կանոնների իմացություն և պառլամենտական դիվանագիտություն։ Ժողովրդական դիվանագիտության հարթակներում խոսքի ազատությունն ավելի մեծ է, քան պաշտոնականում։ Մեր պառլամենտականներն արդյո՞ք մի անգամ հրավիրել են մեր փորձագետներին, որ խոսեն ու քննարկեն, թե նման զեկույցներ կան, ի՞նչ պետք է անել: Նրանց թվում է, թե եթե աթոռին նստեցին, խելքն աթոռի վրա է: Չկա կապ փորձագետների հետ, մենք ճիշտ քաղաքականություն չենք իրականացնում եվրոպական դիվանագիտության մեջ»,ընդգծեց քաղաքագետը: Քաղաքագետը նշեց.«Սարսափելի ոչինչ չկա բանաձևերի ընդուման մեջ, որովհետև միակ օրինական միջազգային կառուցը, որն ունի մանդատ այս հարցում, ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Խնդիրն այլ է, որ դրան չենք հակադարձում, մեզ համար ԼՂՀ հիմնահարցի շուրջ նպաստավոր կերպար չենք ստեղծում եվրոպական դիվանագիտության մեջ: Մեր պատվիրակության անդամները պետք է շատ լավ ծանոթ լինեն այլ երկրների պատվիրակություններին, իմանան, թե նրանք ինչ են գրել, ինչ նախասիրություններ ունեն: Բայց դա չեն անում ու նույնիսկ ղարաբաղյան հիմնախնդրին խորքային ծանոթ չեն»:
