Սա ուղղակի ցինիզմ է. Արմեն Ռուստամյանը` ԵԽԽՎ-ում
ԵԽԽՎ-ում հակահայկական երկու զեկույցների քննարկման ժամանակ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը հայտարարեց. «Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին օգտագործում է ծանր զինտեխնիկա, որն ի դեպ, արտադրված է Թուրքիայում: Ներկայացվող զեկույցի համաձայն, միակ մեղավորը Հայաստանն է, իսկ Ադրբեջանը խաղաղար է ներկայացվում: Սա ցինիզմ է: Ակնհայտ ցինիզմ: Սա աննախադեպ երևույթ է ԵԽԽվ-ում: Զեկույցի հեղինակ Ռոբերտ Ուոլթերը անգամ ջանք չի գործադրել այցելել Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, չնայած այն հանգամանքին, որ հրավեր եղել է: Այս զեկույցի հեղինակը շարունակում է Ադրբեջանի քարոզչությունը: Այս զեկույցներով ԵԽԽՎ-ն խոչընդոտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, ինչն անթույլատրելի է, քանի որ հակամարտության լուծման միակ ձևաչափը հենց ԵԱՀԿ Մինսկի խումբն է», -հայտարարեց դաշնակցական պատգամավորը: Հայկական պատվիրակության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ) ԵԽԽՎ պատգամավորների ուշադրությունը հրավիրեց զեկույցների կողմնակալության օրինակների վրա, ընդգծելով, որ զեկույցների հեղինակները իրենց գործունեությամբ ստվեր են նետում ԵԽԽՎ վրա, որպես մարդու իրավունքների եւ ժողովրդավարության եվրոպական ինստիտուտի: «Մենք ձեզ հետ միասին Ադրբեջանի Մեջլիսում չենք նստած»,- ասաց Ռուստամյանը: Եզրափակիչ ելույթի համար խոսք է տրվել բանաձևերից մեկի հեղինակ Միլիցա Մարկովիչին:
