Թուրքիայի ռազմածովային ուժերը ներգրավվել են անհետացած վրացի հատուկջոկատայինների որոնման աշխատանքներում
News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմածովային ուժերի նավը կգործարկվի Սև ծովի ափամերձ ջրերում անհետացած վրացի երկու զինծառայողների որոնման աշխատանքներում: Թուրքական նավը վաղն առավոտյան կհայտնվի այն վայրում, ուր անհետացել է 26-ամյա կապրալ Յագո Շարաձեն և 24-ամյա առաջին կարգի շարքային Գեորգի Նանետաշվիլին: Հայտնում է Վրաստանի ՊՆ մամլո ծառայությունը: Թուրքական նավը հագեցած է որոնման սարքերով, նրա անձնակազմն ունի որոնողական-փրկարարական աշխատանքների փորձ: Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան օգնության խնդրանքով Թուրքիային դիմել է երեկ: Դրանից հետո Թուրքիան արդեն իսկ 9 մարդուց բաղկացած անձնակազմով մոտորանավակ է ուղարկել, որն արդեն իսկ ներգրավված է որոնողական աշխատանքներում:
