Լիսկաների երկիր է. ազատամարտիկը պոռթկաց
«Խմբավորման մասին լսել եմ միայն լրատվամիջոցների հրապարակումներից: Չգիտեմ, թե ի՞նչ խմբավորում էր ու ի՞նչ էին ուզում ասել»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը: Ազատամարտիկը հնարավոր է համարում մի քանի ռոմանտիկների մտացածին գործունեության մասին լուրերը, քանի որ գործող իշխանությունների պարագայում նման իրավիճակը կանխատեսելի է: «Ես չեմ կարծում , որ Հայաստանում հնարավոր լիներ ահաբեկչություն իրագործել: Նման բանը մեր երկրում ծիլ չի տա ու չի աճի: Մենք միատարր երկիր ենք ու ամեն հայի համար թանկ է` յուրաքանչյուր հայի կյանքը: Եթե ահաբեկիչները հայ չլինեին` կհավատայի, բայց սա իմ ուղեղում չի տեղավորվում»,-ընդգծեց ազատամարտիկը: Ազատամարտիկը անդրադարձավ նաև վերջին ձերբակալություններին, որոնց մեջ նաև ազատամարտիկներ էին.«Ես կուզեի հանգիստ ապրել իմ երկրում, որի համար ես արյուն եմ թափել ու կուզեի նա լիներ մի երկիր, որտեղ կգործեին օրենքները:Ես չեմ ուզում իմ արածներից խոսել, քանի որ ինչ արել եմ` արել եմ, հիմա ես շարքային քաղաքացի եմ: Ես տեսնում եմ, որ այստեղ լիսկաների ու սերիական մարդասպանների երկիր է կերտվել, ղասաբ բժիշկների երկիր, որ հարյուրավոր անապահովների կյանք են «կերել»: Դատավորների ու մարդկանց վրա կատաղած ցուլի պես հարձակվող տեսակների` գեղամիկների երկիր ենք սարքել: Ընտրակեղծարարին բաց են թողնում, որի վրա մինչև 5 տարի հոդված կա ու այստեղից պարզ է, որ առանց դատ ու դատաստան երկիր ենք»,-մտահոգությունը կիսեց ազատամարտիկը: Ազատամարտիկը արդեն անակնկալ ձերբակալություններից չի զարմանում. «Հասկանում եք` ցավ է, որ տղաներին առանց հիմքի տանում են: Խաչիկ Ավետիսյանը իր ընտանիքի հետ է կռվել սահմանին: Հազար անգամ նստել ու դուրս է եկել` Բաքվի ու Շուշիի բերդերում կյանքը մաշելով: Ապարի նման ազնվագույն մաքուր մարդուն տանում են, Զիմնը…մյուսները ու բոլորն էլ հիվանդ այսօր փակի տակ են: Ես ինքս յուրաքանչյուրի անվան տակ կարող եմ երաշխավորել: Ապշած եմ, քանի որ սա ուղղակի ապսուրդ է»: Ազատամարտիկը զայրացած է ու չի կարող չարտահայտվել: Նրան վրդովեցնում է փաստը, որ իշխանության անդամները չլինելով պատերազմի մասնակից` ամեն օր իրար մեդալներ են շնորհում«Ո՞նց է լինում, որ իշխանավորների աղջիկները բոլորը փերիներ են, իսկ տղաներ անպիտան: Անպիտան են բանակի համար: Ո՞նց է, որ մենակ տղաներն են անպետք ծնվում»,-հարցադրում արեց ազատամարտիկը: Ազատամարտիկը գտնում է, որ ցավը գնալով խորանում է ու դանակը հասնում է ոսկորին: Լուսինե Ղազարյան
