Որտե՞ղ պետք է որոշվի ԼՂՀ ճակատագիրը
«Ղարաբաղի ճակատագիրը ոչ Մոսկվայում, ոչ Վաշինգտոնում, ոչ Բրյուսելում, ոչ էլ անգամ Երեւանում չի որոշվում, այլ Քաշաթաղում, Մարտակերտում եւ ԼՂՀ-ի մյուս բնակավայրերում`Լեռնային Ղարաբաղի հանրապետության շինարարությամբ»,- երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նշենք, որ այսօր մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: Վաղը քվեարկության կդրվեն հակահայկական երկու զեկույցներ` «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» եւ «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերնագրերով: Զեկույցներից մեկում խոսվում է ՝ ԼՂՀ-ի, մյուսում Սարսանգի ջրամբարի մասին: Ալեքսանդր Իսկանդարյանի դիտարկմամբ կա հավանականություն, որ այդ զեկույցներից գոնե մեկը կանցնի: Իսկանդարյանը գտնում է, որ Հայաստանում գերագնահատեցին այդ զեկույցների, ընդհանրապես, ԵԽԽՎ-ի կարծիքը ԼՂՀ հարցի վերաբերյալ: Նա հիշեցնում է ԵԽԽՎ-ին, 2007 թվականին ընդունված 1416 բանաձեւը, որում նույնպես կոշտ ամրագրումներ տեղ գտան ԼՂՀ հարցի վերաբերյալ: «Որեւէ մեկը հիշո՞ւմ է այն, ի՞նչ նշանակություն այն ունեցավ»,- նկատեց քաղաքագետը: Ալեքսանդր Իսկանդարյանը փաստում է, որ այս բանաձևերը առաջինը չեն և քաղաքական որևէ հետևանք չեն ունենա. կմնան ընդամենը, որպես փաստաթուղթ: Բանախոսը նկատեց, որ այսօրվա Ադրբեջանը նման անհեռանկար բանաձևերի ընդունումից բացի, այլ բանի ընդունակ չէ: «Շուտով կտուժի նաև նման բանաձևերի հեղինակ ադրբեջանական լոբբին, քանզի գնալով Ադրբեջանը կունենա լուրջ ֆինանսական կորուստներ՝ կապված այդ երկրի տնտեսական իրավիճակի հետ»,- ասաց նա։ Իսկանդարյանի խոսքով` ԵԽԽՎ-ում մարդիկ այդքան էլ չեն պատկերացնում`ի՞նչ է Ադրբեջանը, Հայաստանը, ԼՂՀ-ն: Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին քաղաքագետը նշեց, որ ներքաղաքական փոփոխությունների հույս կարող են լինել միայն 2017-ի ընտրությունները: Իսկ մինչ այդ`ՀՀԿ-ն ում կհամաձայնի կոալիցիա վերցնել, ում `ոչ, ոչինչ էլ չի փոխի, ճիշտ այնպես, ինչպես ոչինչ չփոխվեց, երբ այդ ուժերը ժամանակին դուրս եկան կոալիցիայից: Աստղիկ Ավագյան
