Ռուսական զենքն ու հայկական համբերատարությունը
Ռուսական «Իզվեստիա» թերթն իր՝ «Ռուսաստանը Հայաստանին կմատակարարի նույն զենքը, ինչ Ադրբեջանին» խորագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանն արդեն սկսել է Հայաստանին մատակարարել 200 միլիոն դոլարանոց վարկի դիմաց սպառազինությունների և ռազմական տեխնիկայի մատակարարումը: Բացի ռազմական տեխնիկայի վաճառքից` ռուսական կողմը զբաղվելու է նաև ռազմական գործի հայ մասնագետների վերապատրաստմամբ, որոնք հետագայում կզբաղվեն մատակարարվող տեխնիկայի սպասարկմամբ: Հայաստանի պաշտպանության նախարարությունում «Իզվեստիայի» այդ տեղեկությունը հաստատել են, սակայն հրաժարվել են ասել, թե խոսքն ինչ սպառազինությունների մասին է: Փորձագետները ենթադրում են, որ խոսքն առաջին հերթին՝ սպառազինությունների ծանր համակարգերի մասին է, որը զգալիորեն կավելացնի հայկական զինված ուժերի հնարավորությունները: Միևնույն ժամանակ, ըստ թերթի աղբյուրի, որը քաջածանոթ է իրավիճակին, մատակարարումները թեև սկսվել են, սակայն Հայաստանի կողմից գնվող սպառազինությունների և ռազմական տեխնիկայի ողջ ցանկը Մոսկվան և Երևանը դեռ վերջնականապես չեն համաձայնեցրել: Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, Հայաստանը մտադիր է ՌԴ-ից գնել «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Իգլա-Ս» շարժական զենիթահրթիռային համալիրներ, «Ավտոբազա-Մ» ռադիոտեխնիկական հետախուզության վերգետնյա կայաններ, ՏՈՍ-1Ա ծանր հրետանային համակարգեր («Սոլնցեպյոկ»), «Դրագունով» դիպուկահար ինքնաձիգներ, ղեկավարվող 9М113М հրթիռներ, «Տիգր» զրահամեքենաներ, կապի միջոցներ: «Իզվեստիան» հիշեցնում է, որ օգոստոսի 10-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահների համատեղ ասուլիսում ՌԴ նախագահը հայտարարել էր, թե Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ-ում, և «Ռուսաստանը պարտավորություններ ունի և միշտ իր պարտավորությունները կատարում է»: Ռազմական հարցերով փորձագետ, «Экспорт вооружений» ամսագրի գլխավոր խմբագիր Անդրեյ Ֆրոլովը հայտարարել է, թե Մոսկվան Հայաստանին մատակարարում է սպառազինությունների գրեթե նույն հավաքածուն, որն ավելի վաղ գնել էր Ադրբեջանը: Այդ մատակարարումները, անկասկած, կբարելավեն ռազմական հավասարակշռությունը` հօգուտ Երևանի, սակայն, միևնույն է՝ Բաքուն կպահպանի որոշակի առավելություն: «Չափազանց մեծ է Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեների տարբերությունը: Այստեղ բարդ է խոսելը կողմերի հավասարության մասին: Հնարավոր է հստակ նպատակաուղղված ներդրումներով խզումը չհասցնել կրիտիկական մասշտաբների»,- ասում է ռազմական փորձագետը: Ոչ ոք այլևս չի կարող հերքել փաստը, որ Ռուսաստանը խախտել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինության հավասարակշռությունը՝ նպաստելով ռազմական բալանսի լուրջ տարբերության: Սա ինչ է նշանակում Բաքվի համար քարտ բլանշ` դիմել ագրեսիայի` կարծելով, թե այդ ռազմական հավասարակշռության խախտումը կարող է ծառայել «հաղթանակների» համար: Ռուսական կողմից կարծիքները, թե Մոսկվան Հայաստանին մատակարարում է սպառազինությունների գրեթե նույն հավաքածուն, որն ավելի վաղ գնել էր Ադրբեջանը, ոչ սփոփիչ են, ոչ էլ մխիթարական, քանի որ մեր աչքի առջև են Ռուսաստան-Ադրբեջան բոլորովին այլ մակարդակի հարաբերություններ են շարունակվում կառուցվել նաև այսօր: Բացի այդ, ակնհայտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինության քանակի տարբերությունը, որին նպաստել է Ռուսաստանը` արդարացնելով դա` «Մոսկվայի բիզնեսով»: Ու ամենակարևորը` Հայաստանին 200 միլիոն դոլարանոց վարկի դիմաց սպառազինությունների և ռազմական տեխնիկայի մատակարարումը ձգձգելը ևս քաղաքական որոշում է: Թերևս, Մոսկվան այդկերպ փորձում է նույնպես Բաքվին դուր գալ, ցույց տալով, թե որքան է նյարդայնացնում ռազմավարական դաշնակից Հայաստանին... Մետաքսյա Շալունց
