Ադրբեջանն անհանգստացնում է
ԱՄՆ-ն անհանգստացած է Ադրբեջանում ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունների առիթով եւ իշխանություններին խնդրելու է Եվրախորհրդի եւ ԵԱՀԿ-ի դիտարկմանը ներկայացնել Սահմանադրության փոփոխությունները: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոների հայտարարությունում: «Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում սահմանադրական փոփոխությունները ներկայացնել ԵԽ-ի Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ-ի Մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ինստիտուտների գրասենյակի համատեղ դիտարկմանը»,- ասված է հայտարարությունում: Բացի այդ, Վաշինգտոնն անհանգստացած է ադրբեջանական REAL շարժման քարտուղար Նաթիգ Ջաֆարլիի՝ օգոստոսի 12-ի ձերբակալության, նաեւ այլ ակտիվիստների լրացուցիչ ձերբակալությունների առիթով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին: Ադրբեջանի Սահմանադրության փոփոխությունների՝ նախագահ Իլհամ Ալիեւի առաջարկած նախագծով առաջին փոխնախագահի եւ փոխնախագահների պաշտոնների ներդրում է նախատեսվում: Առաջարկվում է նաեւ երկարաձգել նախագահի պաշտոնավարումը՝ մինչեւ 7 տարի ժամկետով:
