Թուրքիան 34 երկրից պահանջել է սառեցնել Գյուլենի հաշիվները
Չափավոր իսլամի թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ցանցի անդամների ֆինանսական ելքերը կանխելու համար Թուրքիան 34 երկրներից պահանջել է սառեցնել Գյուլենի (Ըստ Անկարայի` Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպության - FETO) բանկային հաշիվները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, այդ նպատակով Անկարան պաշտոնապես պահանջ է հղել FATF անդամ երկրներին, որին անդամակցում են նաեւ ԱՄՆ-ն, Գերմանիան, Չինաստանը, Եվրոպայի Խորհրդի երկրները եւ Ծոցի համագործակցության կազմակերպությունը: Թուրքիան FATF-ի միջոցով նպատակ ունի ամբողջությամբ վերացնել FETO-ի ֆինանսական հենարանները: Դրա հետ միասին Թուրքիան երկրի բանկերում ներկայում ստուգումներ է անցկացնում: Վերջին տվյալներով` 400 ընկերությունների բանկային հաշիվներն արդեն սառեցվել են, որոնք ենթադրաբար կապված են FETO-ի հետ: Անկարան հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրում է Ֆեթուլլահ Գյուլենին եւ նրա կողմնակիցներին:
