Նեղանալն ու մեկուսանալը մեր ընտրությունը չէ. Լավրով
Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն Ուրալի դաշնային համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ վստահություն է հայտնել առ այն, որ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները վաղ թե ուշ կվերադառնան նախկին մակարդակին: «Բազմիցս նշել ենք, որ նեղանալն ու մեկուսանալը մեր ընտրությունը չէ»,-ասել է ՌԴ արտգործնախարարը: Ինչպես հայտնում է kommersant.ru-ն, Լավրովը նաև նշել է, որ ներկայում Ռուսաստանի և Գերմանիայի հարաբերությունները բարդ փուլում են: «Կարծում եմ` սա մեր երկրի ակտիվ ու որոշիչ դերակատարման արդյունքում Գերմանիայի վերամիավորումից ի վեր ամենաբարդ փուլն է»,-շարունակել է Լավրովը: Խոսելով ՆԱՏՕ-ի վերաբերյալ` պաշտոնյան նկատել է, որ Եվրաատլանտյան գոտում անվտանգության սկզբունքները համաձայնեցնելու մասին ռուսական կողմի բոլոր առաջարկները մերժվում են:
