Ինչ իրավունքներ և պարտականություններ ունեն սփյուռքահայ ուսանողները Հայաստանում
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում հուլիսի 7-ից մեկնարկել են օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունելությունը: ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության ներկայացրած տեղակատվության համաձայն օգոստոսի 12-ի դրությամբ նախարարությունը ստացել է շուրջ 400 դիմում-հայտ, որից մոտ 250-ը սփյուռքահայերից, 150 օտարերկրյա քաղաքացիներից: Ընդունելության առաջին փուլը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգի», ավարտվելու է օգոստոսի 22-ին: Սփյուռքահայ այն դիմորդները, ովքեր հավակնում են սովորել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ պետական պատվերի /անվճար/ շրջանակում մինչև նշված ժամկետը պետք է ներկայացնեն համապատասխան փաստաթղթեր: ՀՀ ԿԳՆ սփյուռքի բաժնի մասնագետ Ամալյա Քոչարյանի տեղեկացմաբ՝ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ՀՀ կառավարությունը սփյուռքահայ դիմորդների համար հատկացրել է 70 պետպատվերի /անվճար/ տեղ, որոնք հիմնականում կհատկացվեն հայագիտական, մանկավարժական և մշակութային մասնագիտություններով՝ հաշվի առնելով Սփյուռքի հայկական գաղթօջախների պահանջարկը:<< Առաջին կուրսի ընդունելությունը կատարվում է բուհերի կողմից գիտելիքների ստուգման արդյունքների հիման վրա. այն դիմորդները, ովքեր չեն հաղթահարում գիտելիքների համապատասխան շեմը, ընդունվում են նույն բուհի նախապատրաստական բաժին: Գիտելիքների ստուգումից հետո ԿԳ նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովը գումարում է համապատասխան նիստ, որտեղ կատարվում է պետական պատվերով տեղերի բաշխումը: Որպես կանոն նախապատվությունը տրվում է այն դիմորդներին, ովքեր հայկական համայնքներից համապատասխան միջնորդագրեր են ներկայացնում>>,- տեղեկացրեց ԿԳՆ ներկայացուցիչը՝ հավելելով, որ պետական պատվերը գործում է միայն բուհերի բակալավրաիական համակարգում. մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և ՄԿՈՒ ոլորտում սփյուռքահայերին անվճար տեղեր չի տրվում : Ինչ վերաբերում է ուսման վարձերին, ապա հայաստանյան պետական բուհերը՝ բացառությամբ, ԵՊՀ-ի և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, սփկուռքահայ ուսանողների համար ուսման վարձի չափը հավասարեցրել են ՀՀ քաղաքացիների համար սահմանված ուսման վարձի չափին: Իսկ ԵՊՀ-ն ու ԵՊԲՀ-ն սահմանել են ՀՀ քաղքացիների համար սահմանված վարձավճարից 30 տոկոսով բարձր վարձավճար: Նշենք, որ օտարերկրյա քաղաքացիների համար սահմանված վարձավճարները շատ ավելի բարձր են, քան ՀՀ քաղաքացիների համար սահմանված վարձավճարը: Նրա խոսքով արտասահմանցի և սփյուռքահայ դիմորդները, ինչպես ցույց է տալիս տարիների փորձը, հայկական բուհերից առավել նախընտրում են Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, ԵՊՀ-ն և Խ. Աբովյանի անվան Երևանի պետական մանկավարժական համալասարանը: Դիմող երկրների աշխարհագրությունը համարյա նույնն է՝ Վրաստան, Ռուսաստան, Սիրիա, ԱՊՀ մի շարք երկրներ: Ամենաշատ թվով օտարերկրյա ուսանողներ ավանադաբար ունենում է բժշկական համալսարանը. Այդ հարաբերակցությունը պահպանվել է նաև այս տարի: Այս պահին ԵՊԲՀ-ում ուսանելու հայտ են ներկայացրել մոտ 80 հնդիկ դիմորդներ: Հայաստանյան բուհերը վերջին տարիների պատմության մեջ առաջին անգամ կունենան նաև չինացի ուսանող, որը դիմել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ և ուզում է դառնալ հայերենի մասնագետ: Կարինե Սարիբեկյան Հ. Գ. Համաձայան ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքի՝ օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունելության համար սահմանված են հետևյալ ժամկետները. 1.նախապատրաստական բաժիններում ուսանելու համար՝ ս.թ. հուլիսի 7-ից դեկտեմբերի 15-ը ներառյալ, 2.առկա ուսուցմամբ բակալավրիատի (համաձայն ՀՀ կառավարության 2016թ. ապրիլի 15-ի N 382-Ն որոշման. Հավելված 1, 2016-2017ուս. տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, անվճար) ուսանելու համար` ս.թ. հուլիսի 7-ից մինչև օգոստոսի 22-ը, բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով (առաջին կուրսում) ուսանելու համար՝ ս.թ. հուլիսի 7-ից հոկտեմբերի 3-ը ներառյալ, 3.հետբուհական (ասպիրանտական) ծրագրով ուսանելու համար՝ ս.թ. հուլիսի 7-ից դեկտեմբերի 15-ը ներառյալ, 4.հեռակա բաժիններում ուսանելու համար` ս.թ. հուլիսի 7-ից հոկտեմբերի 11-ը ներառյալ, 5.նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանելու համար՝ ս.թ. հուլիսի 7-ից սեպտեմբերի 15-ը ներառյալ: Այն ուսումնական հաստատություններում, որտեղ իրենց կանոնադրությամբ, ընդհանուր հիմունքներով դիմորդների համար նախատեսված են ավելի երկար ժամկետներ` դիմումների ընդունումը երկարաձգվում է մինչև այդ ժամկետները: Փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն ներկայացվում են. •դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից, •բարձրագույն ուսումնական հաստատության կողմից, •օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով, •փոստով (այդ թվում` էլեկտրոնային փոստով)` ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական հասցեով (հասցե՝ 0010, Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, էլ.փոստ՝ [email protected]): Դիմորդները ներկայացնում են. 1.ՀՀ ԿԳ նախարարի անունով դիմում` համաձայն կցված ձևի, 2.ՀՀ ԿԳ նախարարության կողմից տրամադրված դիմում-հարցաթերթիկ` համաձայն կցված ձևի, 3.բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից), 4.անձնագրի պատճեն, 5.սփյուռքահայերի համար` ծննդյան վկայականի պատճեն` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականի պատճեն, 6.կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)` թարգմանված և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ), 7.3x4 չափսի 4 լուսանկար, 8.ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով, 9.հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում, հայերենով, ռուսերենով կամ անգլերենով: Սփյուռքահայերի փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 1000-ից 1700-ը (ընդմիջում` 1300-1400): Օտարերկրացիների փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի և հինգշաբթի օրերը` ժամը 1000-ից 1600-ը (ընդմիջում` 1300-1400):Հասցե` ՀՀ, ք.Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, № 315 սենյակ, հեռ. (+374 10) 58-13-91 Փաստաթղթերի ցանկն ու դիմումի ձևը կարելի է գտնել ԿԳՆ պաշտոնական կայքում:
