«Ռուսաստանն իր ականջների հետևը կտեսնի, բայց հինգ շրջանների փոխզիջումը չի տեսնի». Քաղաքագետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Պուտինը զբաղվում է Ղարաբաղյան հարցով, և ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց կա: Թեմայի շուրջ Hayeli.am-ը զրուցեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ: Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Էրդողանը ցանկալին փորձում է ներկայացնել որպես իրականություն՝դրանով փորձելով ճնշում գործադրել հայկական կողմի վրա: Քաղաքագետը նշեց, որ որևէ պայմանավորվածության կամ առաջընթացի մասին խոսելը շուտ է: «ԼՂ հարցի շուրջ գործընթաց ընթանում է,բայց առաջընթացի մասին խոսելն անիմաստ է:Պարոն Էրդողանը թող առաջին հերթին իր զորքերը դուրս բերի հյուսիսային Կիպրոսից, ինչպես Կոսովոյի անկախությունն է ճանաչել,այնպես էլ Ղարաբաղինը ճանաչի, Ադրբեջանի և Հայաստանի հետ հարաբերությունները դնի մեկ հարթության վրա,այնուհետև իրեն բարոյական իրավունք վերապահելով՝ ասի՝ Ղարաբաղյան կոնֆլիկտում ով ի՞նչ պետք է անի»,-ընդգծեց Մեհրաբյանը: Անդրադառնալով Պուտին-Սարգսյան հանդիպմանը՝ վերջինս շեշտեց, որ Ռուսաստանն իր ականջների հետևը կտեսնի, բայց հինգ շրջանների փոխզիջումը չի տեսնի: «Մինչ այդ հինգ շրջանների մասին՝ ավել-պակաս խոսելը, պետք է Ղարաբաղի անկախությունից խոսել, քանի որ անկախության հարցը չի կարող լինել քննարկման առարկա: Ցանկացած այլ որոշում ՝ նշանակում է հայերի ցեղասպանություն՝ Ղարաբաղում,դրանից հետո միայն կարելի է այլ հարցերի մոտենալ»,-նշեց քաղաքագետը՝ հիշեցնելով,որ հանդիպման ժամանակ հրապարակայնորեն տարաձայնություններ էին առաջացել Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի հայտարարություներում: Պուտինը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների մասին խոսել է, իսկ համանախագահներին մասին ոչինչ չի նշել: Քաղաքագետի խոսքով՝ Ռուսաստանի համար Մինսկի խմբի անդամ, ում հետ կերազեր լինել երաշխավոր, դա Թուրքիան է: Սակայն, Թուրքիայի անունը Պուտինը չի տալիս: «Սերժ Սարգսյանն էլ հետևյալը ասաց, որ պետք է պահպանել պայմանավորվածությունները, հետաքննության մեխանիզմների ներդրումը, ինչպես նաև՝ ընդլայնել դիտորդական առաքելությունը: Բացի դրանից, նախագահն ասաց, որ Հայաստանը պատրաստ է պահպանել բոլոր պայմանավորվածությունները,որոնք կան թե´ Ռուսաստանի,թե´ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի և Միացյալ նահանգների հետ: Այսինքն՝ Պուտինի և Սերժ Սարգսյանի հայտարարություններն ուղղակի, տրամագծորեն հակասում են մեկը մյուսին»,-իր խոսքը եզրափակեց Մեհրաբյանը: Լուսինե Միքաելյան
