ՆԱՏՕ-ն իր անդամին չպետք է միայնակ թողնի.Թուրքիայի նախագահ
Ինչպես հաղորդում է թուրքական Demokrathaber լրատվական կայքը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել գերմանական RTL հեռուստաալիքի ՝ անդրադառնալով Ռուսաստան կատարած այցին, հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին, ՆԱՏՕ-ի վերաբերմունքին և այլ խնդիրներին առնչվող հարցերին: «ՆԱՏՕ-ն իր անդամին չպետք է միայնակ թողնի: Սիրիայի հետ սահմանին լուրջ խնդիրներ կան: Եթե ոչ այսօր, ապա ե՞րբ է ՆԱՏՕ-ն մեր կողքին լինելու:Թուրքիայում հուլիսի 15-ի ուշ երեկոյան տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո Եվրոպան անհրաժեշտ օգնություն չի ցուցաբերել»: «Ակնկալում էինք, որ ինչպես եվրոպացիները Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության դեմ միախմբվեցին, այնպես էլ նույնը կանեին Թուրքիայի համար: Նվազագույնն անհրաժեշտ էր, որ եվրոպական երկրները մեկական ներկայացուցիչ ուղարկեին, սակայն դա չարվեց»,-ասել է Թուրքիայի նախագահը: Անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ Էրդողանը հայտնել է. «Ռուսաստանի հետ ռազմական, քաղաքական, տնտեսական, մշակութային և զբոսաշրջության ոլորտներում «մեկ այլ ոգևորությամբ» նոր փուլ է սկսվում»։
