Որևէ զիջում, հողերի հանձնում լինել չի կարող. Վահան Բադասյան
Արցախի առաջին պատերազմի վետերան, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը այսօր հայտարարել է, որ արցախահությունը մեկ միասնական տեսակետ ունի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար որևէ զիջում, հողերի հանձնում լինել չի կարող:«Արցախում միակ տեսակետն է՝ չզիջել, դուք գիտեք, որ վերջերս իշխանությունների կողմից կազմակերպվել է սոցհարցում, եւ այն շերտի հետ են այդ հարցումն արել, որ ասեն ուզում են զիջում, հասկանում եք՝ որ մասսայի մասին է խոսքը, բայց ի ուրախություն մեզ 95 տոկոսից ավելին դեմ է արտահայտվել: Գիտեք նաեւ, որ Սերժ Սարգսյանը Ղարաբաղ իր վերջին այցերի ժամանակ փորձում էր թե՛ զինվորականներին, թե՛ քաղաքական գործիչներին փաթաթել մի կարծիք, որ ուրիշ ելք չկա՝ պետք է զիջել, եւ բոլորը դեմ արտահայտվեցին՝ բացառությամբ մի քանիսի: Այս հարցը մենք պետք է լուծենք թե՛ ռազմական, թե՛ քաղաքական առումով: Առաջին հարցը տեսնում եմ, որ պետք է լինի Հայաստանի ու Արցախի միացում»,- ասաց Բադասյանը: Վահան Բադասյանի խոսքով՝ իրավիճակից ելքը մեկն է՝ հասարակությունը պետք է միավորվի ու հիմնահարցը լուծի քաղաքական ճանապարհով:
