«Աքընջը» ռազմաօդային բազան կտեղահանվի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիայի ձախողված ռազմական հեղաշրջման հետևանքով թուրքական բանակից հեռացված զինծառայողների թիվը հասել է 3 185 մարդու: Ինչպես հայտնում է «Հուրիեթը», այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը: Պաշտոնանկ արված զինվորականների թվում կա 151 գեներալ ու ծովակալ, 265 օդաչու, որոնք կասկածվում են Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության (FETÖ) հետ առնչություն ունենալու մեջ: Ներկայումս օդաչուների թիվը համապատասխանում է արտակարգ դրության պահանջներին: Չնայած դրան` օդաչուների թիվն անհամեմատ քիչ է, քան անհրաժեշտ է Թուրքիայի բանակին: Նշելով, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո բանակից փախել է 162 զինծառայող և տեղեկացնելով, որ հետաքննությունը շարունակվում է, Ֆիքրի Ըշըքն ասել է, որ բանակից հեռացվածների թիվը կարող է փոխվել: Նրա խոսքով` «Աքընջը» ռազմաօդային բազայի տեղում, որը առանցքային դեր է կատարել հեղաշրջման օրը ապստամբների համար, կհիմնվի Ժողովրդավարության այգի:
