Թուրքական իշխանությունները չեղարկել են երգչուհի Սըլը Գենչօղլուի բոլոր համերգները
Թուրքական իշխանությունները չեղարկել են երգչուհի Սըլը Գենչօղլուի բոլոր համերգներն այն բանից հետո, երբ նա հեղաշրջման փորձի հանդեպ իշխանությունների հաղթանակին նվիրված ցույցերը «շոու» է անվանել, գրում է РИА Новости-ն: Կիրակի Ստամբուլում կայացել է ամենամարդաշատ ցույցը` հօգուտ իշխանությունների: Նրան մասնակցել է առնվազն 5 մլն մարդ: Ելույթ են ունեցել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վարչապետ Բինալի Յըլդըրըմը, հիմնական ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները: Ցույցն ուղեկցվել է տարբեր երաժիշտների ելույթներով: «Ես բացարձակ դեմ եմ հեղաշրջմանը, սակայն ես կնախընտրեի չմասնակցել նման շոուի»,- ասել է երգչուհին ցույցից մի քանի օր առաջ: Ավելի ուշ` սոցցանցերում քննադատության ալիքի բարձրացումից հետո, նա հայտարարել է, որ չի պատրաստվում ոչինչ բացատրել: Նա նշել է, որ մնում է իր կարծիքին: «Դուք ասում եք ժողովրդավարություն: Ես էլ արտահայտում եմ իմ մտքերը»,- նշել է երգչուհին: Ստամբուլի իշխանությունները չեղարկել են 2 համերգ, որոնք նախատեսված էին սեպտեմբերի 21-ին և 22-ին, ինչպես նաև 1 համերգ Բուրսա քաղաքում սեպտեմբերի 28-ին և ելույթը Կայսերի քաղաքում:
