Շտայնմայերը պատրաստվում է այցելել Ռուսաստան
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Stuttgart Nachrichten պարբերականին հայտնել է, որ պատրաստվում է այցելել Ռուսաստան՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցելու նպատակով: «Ես իրոք ծրագրում եմ մյուս շաբաթ մեկնել Եկատերինբուրգ, որտեղ դասախոսություն եմ կարդալու Բորիս Ելցինի համալսարանում եւ քննարկումներ եմ անցկացնելու ուսանողների հետ: Անշուշտ, ես օգտագործելու եմ այդ հնարավորությունը, որպեսզի հանդիպեմ Ռուսաստանի արտգործնախարարի հետ: Խոսելու բավականին բան կա»,- մասնավորապես, Interfax-ի փոխանցմամբ, ասել է Շտայնմայերը, ում կարծիքով հնարավոր չէ առանց ՌԴ մասնակցության խաղաղության հասնել Ուկրաինայում եւ Սիրիայում: Նշենք նաեւ, որ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, որպես ԵԱՀԿ գործող նախագահ, ներգրավված է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում եւ չի բացառվում, եր եթե Լավրովի հետ հանդիպումը կայանա, արծարծվի նաեւ Արցախի հարցը:
