Հայաստանն անընդունելի է համարում Թուրքիայի մասնակցությունն ու միջնորդական առաքելությունը Ղարաբաղի հարցով. Շարմազանով
Հայաստանն անընդունելի է համարում Թուրքիայի մասնակցությունն ու միջնորդական առաքելությունը Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացում: Այս մասին օգոստոսի 11-ին լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ղարաբաղի հարցում ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի միջեւ գոնե բացահայտ հակասություններ չկան: Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպումը առաջինը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը»,- ասել է Շարմազանովը: Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հիշեցրել է Շարմազանովը, ուղիղ նշել է, որ ռուսական կողմը չի ողջունում բանակցային գործընթացին Թուրքիայի մասնակցությունը: «Թուրքիան անելիք չունի Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացում: Դա է Հայաստանի դիրքորոշումը, քանի որ Թուրքիան մշտապես ունեցել է ադրբեջանամետ դիրքորոշում: Ավելին՝ ապրիլյան պատերազմից հետո Թուրքիայի իշխանությունների վարքագիծը հանցավոր էր, քանի որ արդարացրել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի իշխանությունների ահաբեկչական գործողությունները: Եվ եթե Թուրքիան խոսում է տարածքների վերադարձի մասին, կարող եմ նշել այն տարածքները, որոնց վերադարձմանը Թուրքիան կարող է աջակցել՝ Գետաշեն, Մարտունաշեն, Շահումյան (թող ազդի Ադրբեջանի վրա, որպեսզի այդ տարածքները վերադարձվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը) եւ Կիպրոսի տարածքի 38 տոկոսը, որն օկապացրել է Թուրքիան ինքը»,- ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:
