Կառավարությունը մերժեց Էլինար Վարդանյանին և Ստեփան Մարգարյանին
ՀՀ կառավարությունն այսօր նիստում դեմ արտահայտվեց ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Բռնադատվածների մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին: «Հիմնավորման մեջ վերլուծված չեն 1994 թ. հունիսի 14-ին ընդունված և առ այսօր գործող «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի՝ դրույթների կիրառման արդյունավետությունը, առանձին կարգավորումներում տեղ գտած բացթողումները, խնդիրները, ներկայացված չեն նաև վիճակագրական տվյալներ այն մասին, թե օրենքի գործողության պահից սկսած քանի բռնադատված է օգտվել օրենքով նախատեսված արտոնություններից և կան արդյոք բռնադատվածներ, որոնք չեն կարողացել օգտվել հիշյալ արտոնություններից՝ տարբեր պատճառներով:Նախագծում առկա են մի շարք դրույթներ, որոնք արդեն առկա են գործող օրենքում»,-ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Մեկ անգամ պետք է ուսումնասիրել բոլոր խնդիրները: Մի անգամ հավաքվենք, ուսումնասիրենք և հարցին տանք գլոբալ լուծում: Կարծում եմ դա ճիշտ է»,- նկատեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
