Սասնա Ծուռը` քննչական կոմիտեում
Երեկ քննչական կոմիտե էին հրավիրել հարցաքննության` էս անգամ որպես վկա, Սարի Թաղի հուլիսի 29-ի մասով: Չէի եղել ներսում: Հինգ աստղանի հյուրանոցի հարդարման չէր ձգի, բայց չորս աստղանու մակարդակի կար հաստատ. գրանիտե գալարասանդուղք եւ հատակ, կոփածո բազրիք, նախասրահում` գետնի մեջ` պարտեզ, թփերով ու վայթե ծառերով, լիմոն չէին աճեցնում դեռ, մի խոսքով կայֆի կտոր ... Սպասում եմ, որ անցաթուղթ գրեն, մեկ էլ կողքիս մի կարճլիկ ջահել տղա ճերմակ մայկայով գրպաների եղած մետաղեղենն է դատարկում, որ անցնի էդ մետաղորսիչ զանգի տակով, աչքի պոչով նայում եմ` աշխույժ տղա է երեւում, գրպանի եղած չեղածը դատարկեց վայթե, էս ոստիկանը նայում է նրան, տղան` թիկունքով է ինձ, ոստիկանին, թե.-պրոբլեմ կա՞...
Ոստիկանը թեթեւ տարակուսանքով նայում է նրան, անցնելուց ինչ-որ բան է զնգում, տղան թե.- կարո՞ղ է մայկես է խանգարում: Ոստիկանը թե.-չէ անցեք:
Ջահելս անցնում է, իրերը վերցնում է, էլի շատ աշխույժ է, զգացվում է, որ ինչ-որ խանդավառության մեջ է, դեմքին եմ նայում` երեւի 18-19 տարեկան, ոչ ավել, ոստիկանն ու մյուսները նայում են նրան, գրպաններն է խոթում իրերը, բոյով մեկ դզվում է ու տեսնում ենք շապիկի դոշին խոշոր` ՍԱՍՆԱ ԾՌԵՐ, էն մի լոգոյից, որ ավատար են օգտագործում հիմա, լայն ժպտում է ու գնում է հարցաքննության:
Այս մասին գրել է Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքի իր էջում
