2016 թվականի 6 ամսվա ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը աճել է 12%-ով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է Հայաստանի համար ԵՏՄ-ին ինտեգրացումից բարձր տնտեսական օգուտը: «Հայաստանը մեզ համար Անդրկովկասում ռազմավարական գործընկեր է և մենք հետևողականորեն կառուցում ենք դաշնակցային հարաբերություններ, ընդ որում՝ ամենազգայուն ուղղություններով, և միջազգային ասպարեզում, նախ և առաջ նկատի ունենալով ԱՊՀ տարածքը»,- ասել է Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների ժամանակ, հայտնում է TASS-ը: «Ի դեպ, ինձ համար շատ հաճելի է նշել, ցանկանում եմ այդ բանում ձեզ շնորհավորել, ես նայել եմ անցյալ տարվա տվյալները: Ինչպես երևում է փաստաթղթերից՝ ԵՏՄ-ին միանալուց հետո ձեր ՀՆԱ-ն աճել է 10%-ով»,- ընդգծել է ՌԴ նահագահը: Նրա գնահատմամբ՝ դա շատ դրական ցուցանիշ է: Պուտինը հույս է հայտնել, որ այդպիսի դրական դինամիկա կպահպանվի նաև ապագայում: Հանդիպման սկսվելուց առաջ Հայաստանի նախագահը ասել է, որ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում մտադիր է Պուտինի հետ քննարկել 2 պետությունների փոխգործակցությունը և կարծիքներ փոխանակել տարածաշրջանային օրակարգի տարբեր հարցերով: Սարգսյանը նշել է, որ 2016 թվականի 6 ամսվա ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը աճել է 12%-ով, իսկ ապրանքների արտահանումը ՌԴ հասել է պատմական մաքսիմումի: Նրա խոսքերով՝ այդ հաջողությունները կապված են Հայաստանի ԵՏՄ-ին միանալու հետ:
