Մահմուդ Ահմադինեժադը մեծ քննադատության է արժանացել իրանցիների կողմից
ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախկին (2005-2013 թվականներ) նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մեծ քննադատության է արժանացել իրանցիների կողմից՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նամակ հասցեագրելու համար: Իր նամակում Ահմադինեժադը պահանջել է չեղյալ հայտարարել այն դատական որոշումը, որն առնչվում է իրանական սառեցված ակտիվներից Իրանին երկու միլիարդ դոլար չվերադարձնելուն: ԱՄՆ դաշնային դատարանն այդ որոշումն ընդունել էր այս տարվա գարնանը՝ վճռելով այդ միջոցներն ուղղել 1983 թվականին Բեյրութում կատարված ահաբեկչության ժամանակ զոհված ամերիկացի զինծառայողների ընտանիքներին: Ահմադինեժադի կողմից Օբամային նամակ հղելը մեծ արձագանք է ստացել հանրության շրջանում, մամուլում և պաշտոնատար անձանց կողմից: Նրանք ընդգծել են, որ Ահմադինեժադը կարող է անձնական նամակագրության մեջ մտնել ում հետ ցանկանա, սակայն դատապարտել են այն, որ նա քննարկում է պաշտոնական հարցեր, այն էլ՝ «Իրանի ամենավատ թշնամու» հետ: Իրանի խորհրդարանի՝ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Հեշմատ Ֆալահատպիշեն հայտարարել է, որ արտաքին քաղաքական այն քայլերը, որ փորձում է ձեռնարկել Ահմադինեժադը, մեծ հաշվով չեն հանգեցնի որևէ արդյունքի և միայն կարող են վնասել երկրին:
