Ոչ միայն պետք է դատապարտվեն, այլ մեղավորները պետք է կանչվեն պատասխանատվության. Սամվել Ֆարմանյան
Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակից, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը կիսում է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների այն մտահոգությունները, որոնք կապված են վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձություններին հետ: «Անկախ հանգամանքից` ով է այսօր գտնվում իշխանության ղեկին, ով է ներկայացնում քաղաքական ընդդիմությունը, ով ում նկատմամբ ինչպիսի վերաբերմունք ունի, մամուլի ազատությունը և խոսքի ազատությունը այն համակարգաստեղծ ֆունդամենտալ ձեռքբերումներից է, որի ուղղությամբ Հայաստանը լավ, թե վատ, 25 տարվա ընթացքում նկատելի առաջընթաց ունի: 25 տարվա ընթացքում ժողովրդավարացման գործողությունների արդյունքում ամենանշանակալի ձեռքբերումներից մեկը Հայաստանում մամուլի և խոսքի ազատության այն նշաձողն է, որը հեռու է կատարյալ լինելուց, սակայն հենք է ապագա ժողովրդավարացման գործընթացները ամրապնդելու համար»,-ասաց Ֆարմանյանը: Պատգամավորի խոսքով`առանց խոսքի ու մամուլի ազատության պատկերացնել Հայաստանի ժողովրդավարական ապագան պարզապես անհնար է. «Իմ կարծիքով` կա փոխհամաձայնություն. լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը ոչ միայն պետք է դատապարտվեն, այլ մեղավորները պետք է կանչվեն պատասխանատվության»:
