Ցավոք, կան դեպքեր, որ կա դիտավորություն. Աշոտ Ահարոնյան
Լրագրողների նկատմամբ կատարված հարձակումներն ու բռնությունները լինում են հիմնականում արտակարգ իրավիճակների ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Այս պահին չեմ հիշում մի դեպք, որ լրագրողը բռնության ենթարկվեր իր հրապարակած նյութի, ազատ խոսքի համար: Այսինքն՝ լրագրողի հանդեպ հաշվեհարդար կիրառվեր իր հոդվածի համար: Արտակարծ իրավիճակներում, երբ որ ոստիկանությունը գործողություններ է անում, երբ որ կան չարտոնված հավաքներ, այո՛, հավանականություն կա, որ կարող է լրագրողը վնաստվածքներ ստանա թե՛ ֆիզիկական, թե՛ իր տեխնիկան վնասվի: Դա ամբողջ աշխարհում ընդունված է»,- ասաց Ա.Ահարոնյանը: Նա ընդգծեց՝ «այլ հարց է, երբ լրագրողի հանդեպ բռնությունը կիրառվում է դիտավորությամբ»: «Ցավոք, կան դեպքեր, որ կա դիտավորություն»,- ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետը՝ հիշեցնելով, որ այդ հարցով քննություն է կատարվում:
