Ոստիկանությունից 40 միլիոն դրամ՝ Սեդրակ Քոչարյանի և Սամվել Մայրապետյանի ընկերությանը
Hetq.am-ը հայտնում է, որ հունիսի 1-ին Հայաստանի ոստիկանությունը 40 միլիոն դրամի արժողության պայմանագիր է կնքել «Տոյոտա Երևան» ընկերության հետ: Ըստ պայմանագրի, ընկերությունը կկատարի 20 միավոր «Toyota Corolla 1,6», «Toyota Camry 2,5» և «Toyota Camry 3,5» մաինշների ավտոմեքենաների սպասարկում և նորոգում: Այդ ավտոմեքենաները ձեռք են բերվել 2012-2015 թվականներին, ըստ Հետքի: Կայքը նշում է, որ պայմանագրում ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանի և «Տոյոտա Երևան» ՍՊԸ գլխավոր տնօրեն Վահե Գզրարյանի ստորագրություններն են: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը «Հետք»-ի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է «Տոյոտա-Երևան»-ի հետ կնքած պայմանագիրը: Ոստիկանության գրության մեջ ասվում է, որ պայմանագրում նշված, արտաբյուջետային միջոցներից հատկացված 40 միլիոն դրամը նախատեսված է ընթացիկ տարում 119 միավոր «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաների տենիկական սպասարկման համար։ Եվ որ 2013-2015թթ. «Տոյոտա-Երևան» ՍՊԸ-ից ձեռքբերված 20 միավոր ավտոմեքենաները գտնվում են երաշխիքային ժամկետի մեջ և դրանց սպասարկումն ընկերության կողմից կատարվում է անվճար։ Հետքը հրապարակման մեջ նշում է նաև, որ Տոյոտա Երևան ընկերության բաժնետեր է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը: Նա 30 տոկոսի բաժնետեր է: Ընկերության 30 տոկոսի բաժնետեր է հայտնի գործարար Սամվել Մայրապետյանը, իսկ Տոյոտա Երևանի եվս 30 տոկոսի բաժնետեր է Նատալյա Մատինյանը, որը նաև Հ2 հեռուստաընկերության 50 տոկոսի բաժնետեր է: Հեռուստաընկերության մյուս 50 տոկոսը պատկանում է Սամվել Մայրապետյանին: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
