Ռուսաստանն ու Ադրբեջանը ցանկանում են, որ Թուրքիան իր ներդրումն ունենա ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. Չավուշօղլու
Թուրքական Anadolu լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ «Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա» եռակողմ ձևաչափի ստեղծման մասին Պուտինը դրական է արտահայտվել: «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի Ռուսաստան այցի ժամանակ կատարվել են այդ հարցի վերաբերյալ քննարկումներ: Կան քննարկման ենթակա բազմաթիվ տնտեսական, քաղաքական հարցեր, տարածաշրջանային նախագծեր»,- ասել է նա: Թուրք նախարարը նշել է, որ ներկայումս Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուրջ սպառնալիք է ներկայացնում Կովկասի համար: «Նախկինում էլ մենք ջանքեր ենք գործադրել այդ հարցի լուծման համար: Ներկայումս լուրջ ջանքեր է գործադրում Ռուսաստանը: Դա ԵԱՀԿ Մինսկի խմբի և անձամբ Պուտինի ջանքերն են: Սանկտ Պետերբուրգում երեք նախագահների մասնակցությամբ հանդիպում է կայացել: Ռուսաստանն ու մեր ադրբեջանցի եղբայրները ցանկանում են, որպեսզի մենք մեր ներդրումն ունենանք այդ հարցում: Մենք մեր հերթին կանենք հնարավոր ամեն բան, ինչ մեզնից կախված է` տարածաշրջանի ապագայի և անվտանգության համար»,- ասել է նա:
