Եղբոր կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարող 45–ամյա կասկածյալը հետախուզվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի ավագ քննիչ Էդիկ Կոստանյանի որոշմամբ հետախուզվում հայտարարվել Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի թիվ 74 տան բնակիչ, 45-ամյա Վարդան Եսայանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննիչը դիմել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի նրա նկատմամբ: Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը դռնփակ նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշել է բավարարել քննիչի միջնորդությունը և հետախուզման մեջ գտնվող Վարդան Եսայանին, ով կասկածվում է եղբոր կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք-զինամթերք ունենալու մեջ, 2 ամսով կալանավորել: Եթե կասկածյալը հայտնաբերվի կամ մեղայականով ներկայանա ոստիկանության կամ քննչական բաժին, ապա նա տեղափոխվելու է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև Volkswagen մակնիշի ավտոմեքենան, որով կասկածյալը հանցագործությունը կատարելուց հետո դիմել է փախուստի: Ավտոմեքենան դեպքի վայրից հայտնաբերվել է բավականին հեռու՝ անտառում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 6-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին Դիլիջանի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Դիլիջանի Շամախյան փողոցի 74 տուն, որտեղից որովայնի աջ մասում ստացած հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էին տեղափոխել նույն տան բնակչուհի, 37-ամյա Գայանե Կոխլիկյանին: Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արշալույս Գևորգյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ: Մի խումբ էլ Տավուշի մարզի ոստիկանապետի տեղակալ Կամո Ցուցուլյանի, Դիլիջանի ոստիկանապետ Վահե Ղազարյանի և Դիլիջանի քննչական բաժնի պետ Վահրամ Գյոզալյանի գլխավորությամբ մեկնել էին Շամախյան փողոցի թիվ 74 տուն, որտեղ հայտնաբերել էին արյան հետքեր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
