Դատարանը երկարաձգել է Շաքրո Մոլոդոյի գործով նախաքննության ժամկետը
Մոսկվայի դատարանը 3 ամսով երկարաձգել է Զախարիա Կալաշովի` «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի կալանքը, հայտնում է РИА Новости-ն: «Քննիչի միջնորդությունը` Կալաշովին կալանքի տակ պահելու ժամկետը մինչև նոյեմբերի 15-ը երկարաձգելու վերաբերյալ, բավարարվել է»,- նշել է դատավոր Տատյանա Նեվերովան: Կալաշովը ձերբակալվել է հուլիսի 13-ին Մոսկվայի ռեստորաններից մեկի սեփականատիրոջից խոշոր գումար կորզելու գործի շրջանակում: 2015թ. դեկտեմբերին այդ հաստատության հարևանությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 2 մարդ է սպանվել: Կալաշովի կալանքի ժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 15-ը: Դատարանում նա, ինչպես և իր պաշտպանը, դեմ են եղել քննիչի որոշմանը: «Ես անչափահաս երեխաներ ունեմ: Չեմ պատրաստվում ոչ մի տեղ գնալ: Ես հետաքրքրված եմ, որ ամեն ինչ պարզվի: Ես դրա հետ կապ չունեմ»,- ասել է Կալաշովը` հերքելով իր կապը այդ միջադեպի հետ:
