Արժե կազմակերպել կլոր սեղան Իրանի, Վրաստանի, Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի փորձագետների մասնակցությամբ. Արագած Ախոյան
ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի դիտարկմամբ Հարավային Կովկասի տարածաշրջանն աստիճանաբար ապակայունանում է: Նրա խոսքով՝ ժամանակն է, որ տարածաշրջանի երկրներն ինքնուրույն զբաղվեն առկա խնդիրների լուծմամբ: «Ես էլի եմ առաջարկել, որ արժե կազմակերպել կլոր սեղան տարածաշրջանի երկրների՝ Իրանի, Վրաստանի, Հայաստանի, Թուրքիայի եւ, ինչու չէ՞ Ադրբեջանի փորձագետների մասնակցությամբ, քանի որ այլեւս պետք չէ թողնել տարածաշրջանում առկա խնդիրների լուծումը գերտերություններին: Դրանք մեր խնդիրներ են, մենք էլ ունենք հնարավորություններ: Ես կարծում եմ՝ տարածաշրջանի բոլոր երկրներին սպասվում են բավականին մեծ մարտահրավերներ, եւ պետք է մտածել, թե ինչպես պայքարել դրանց դեմ»,- լրագրողների հետ զրույցում նշեց պատգամավորը: Անդրադառնալով Ռուսաստանի դերակատարությանը՝ նա շեշտեց, որ Ռուսաստանը փորձում է պահպանել հարաբերություններ տարածաշրջանի բոլոր պետությունների հետ:
