Վիտալի Բալասանյանը պատմել է «Սասնա ծռերի» հետ բանակցությունների մանրամասները
«Սասնա ծռերի» հետ բանակցությունների, Սերժ Սարգսյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի հանդիպման պայմանավորվածության շուրջ խոսակցությունների, ՊՊԾ գնդի գրավման գործով կալանավորվածների հետ հանդիպման մասին NEWS.am–ը զրուցել է Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի հետ։Բալասանյանը պատմել է. «Երբ մենք լուրը ստացանք, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում էր Ղարաբաղում: Մենք երեկոյան հանդիպումներ ունեցանք: Առավոտյան Սերժ Սարգսյանը պետք է մեկներ։ Երբ լուրը ստացանք, ես անձամբ Բակո Սահակյանի միջոցով տեղյակ պահեցի, որ ցանկություն ունեմ ներկայանալ Երեւան եւ «Սասնա ծռերի» հետ բանակցել: Սերժ Սարգսյանը հրաժարվեց, ասաց՝ թող, մենք լուծումը կտանք: Եվս երկու օր սպասեցի, զանգեցի անձամբ Սերժ Սարգսյանին, ասացի՝ պատրաստ եմ եւ չեմ կարող ձեռնպահ մնալ, քանի որ ինչպես Լեռնային Ղարաբաղը, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը իմ հայրենիքն է, ես էլ հայ ժողովրդի մի մասնիկն եմ, իրավունք չունեմ ընդհանրապես ձեռնպահ մնալ:Եկա, հանդիպեցի նախագահին: Ճիշտն ասած, ինձ հասած ինֆորմացիան այնքան էլ ստույգ չէր, եւ նախագահ Սարգսյանը տվեց համապատասխան ինֆորմացիան: Նախագահի հետ քննարկեցի իմ լիազորությունների շրջանակները, ճշտումներ մտցնելուց հետո հանդիպեցի Ժիրայր Սեֆիլյանի հետ, լսեցի Սեֆիլյանին, նրա առաջարկությունները: Կետ առ կետ կա դա գրանցված, գրավոր իմ մոտ: Ինչ վերաբերում է այն լուրերին, որ Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվել է Սերժ Սարգսյանի հրաժարականից, հստակ ասեմ՝ այո: Ժիրայր Սեֆիլյանն ասել է՝ այս պահի դրությամբ ես հրաժարվում եմ եւ չեմ պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, եւ կա առաջարկությունը: Առաջին կետը՝ ինձ անհապաղ ազատ արձակել եւ խափանման միջոցը փոխել: Ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ եւս մի քանի հարց: Ես այնուհետ խոստացա Ժիրայր Սեֆիլյանին եւ ներկայացրեցի նախագահին:Հանրապետության նախագահն ընդունել է բոլոր առաջարկությունները, ուշադիր լսել է, որեւէ պատասխան չի տվել, ասել է՝ ես կքննարկեմ եւ պատասխան կտամ: Հանրապետության նախագահը նաեւ հետեւյալ առաջարկությունն է արել՝ եթե Ժիրայր Սեֆիլյանը այս պահի դրությամբ կարողանա հրահանգավորի, հորդորի կամ հրամայի, որ զինված խումբը զենքերը վայր դնի, ես պատրաստ եմ ընդունել Ժիրայր Սեֆիլյանին: Այնուհետեւ, ժիրայր Սեֆիլյանն իր խոստումները չի կատարել: Դրանից հետո այդպիսի խոսակցություն չի եղել, թե Սերժ Սարգսյանը հայտարարություն է արել՝ պատրաստ եմ հանդիպել, ու դրժել է իր խոստումը: Ի լուր աշխարհի եմ ասում, որ այդպիսի խոսակցություն ընդհանրապես չի եղել: Հանրապետության նախագահը ընդունել էր այդ կետերը եւ պատրաստ էր ցանկացած հարց քննարկել:Հենց այդ կետերի հետ կապված էլ Ձեր հայտարարությունից հետո եւ Ենիգոմշյանը, եւ Վարուժան Ավետիսյանը հայտարարեցին, որ Դուք այլեւս բանակցող չեք: Կպարզաբանեք՝ ի՞նչ էր տեղի ունեցել, եւ ի՞նչպես եղավ, որ ավելի ուշ կրկին ստանձնեցիք միջնորդի դերը»։ Շարունակությունը՝ այստեղ
