ՀՀ ոստիկանապետը ներկայացրել է Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետին
Այսօր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ոստիկանության պետը ներկայացրել է համակարգում կատարված կադրային փոփոխությունները:
Վլադիմիր Գասպարյանը տեղեկացրել է, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից ու գրանցվել կադրերի ռեզերվում:
Ոստիկանության պետը ներկայացրել է Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետին՝ ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանին, որը մինչ այս ղեկավարում էր ոստիկանության Շիրակի մարզային վարչությունը:
Վլադիմիր Գասպարյանի հրամանով կատարվել են նաև կադրային այլ փոփոխություններ:
Մասնավորապես, ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ է նշանակվել Լոռու մարզային վարչության պետ Արտակ Կարապետյանը, որին այդ պաշտոնում փոխարինել է Տավուշի մարզային վարչության պետ Արշավիր Գևորգյանը:
Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը վարչությունների նորանշանակ ղեկավարներին տվել է կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:

