Արևմուտքը նախընտրել է միայնակ թողնել ժողովրդավարական արժեքները պաշտպանող Թուրքիային. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Արևմուտքը Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրին միայնակ թողնելու որոշում է կայացրել: Այդ մասին նա հայտնել է ֆրանսիական Le Monde թերթին տված հարցազրույցի ժամանակ: Նրա խոսքերով՝ համերաշխության և աջակցության փոխարեն Արևմուտքը նախընտրել է միայնակ թողնել ժողովրդավարական արժեքները պաշտպանող Թուրքիային: Նա նաև նշել է, որ Արևմուտքի ներկայացուցիչները չպետք է կասկածի տակ դնեն Ֆեթհուլլահ Գյուլենի կողմնակիցների հետապնդման և հեղաշրջման ձերբակալված մասնակիցների թվի հարցը: «Charlie Hebbo-ի վրա հարձակումից հետո ողջ աշխարհը արձագանքեց դրան: Թուրքիայի վարչապետը մեկնեց Փարիզ: Շատ կուզենայի, որ արևմտյան առաջնորդները ևս համանման արձագանք ցուցաբերեին՝ կապված իմ երկրում տեղի ունեցող իրադարձությունների հետ, և գային Թուրքիա»,- հայտարարել է Էրդողանը:
