Խոշոր հրդեհ Սիլիկյան թաղամասում
Այսօր` օգոստոսի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ուեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղմասի 6-րդ փողոցի 12 տանը հրդեհ է բռնկվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատների մի քանի մարտական հաշվարկ, ովքեր թաղամասի բնակիչների, այդ թվում՝ երիտասարդների հետ կարողացել են նախ կանխել հսկայական կրակի տարածումը, այնուհետև՝ մարել հրդեհը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է Գևորգյաններին և այդ տունը ունի 10-ից ավելի բնակիչ, այդ թվում՝ թոշակառուներ և անչափահասներ: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի պատճառը եղել է էլեկտրաէներգիայի տատանումները, իսկ այդ էլեկտրալարերի սխալ ու թերի մոնտաժման համար թաղամասի բնակիչները բազմիցս դիմել են էլեկտրացանցին, սակայն նրանք ամեն անգամ ընդունել են ջայլամի քաղաքականություն: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հրդեհի մասին, երբ տեղեկացել է հայտնի գործարար, «Եվրոպա» ընկերության սեփականատեր Սերյոժա Մանուկյանը, անմիջապես հանձնարարել է իր ընկերության պատասխանատուներին, ովքեր այցելելով տուժածների տուն՝ տեղում հանձն առան ամբողջովին վերանորոգել տան տանիքը։ Իսկ այրվել է մոտ 450 քմ:
