«Սասնա ծռերի» երկու անդամներին ծեծի ենթարկելու դեպքով նյութեր են նախապատրաստվում. Armtimes.com
Հուլիսի 27-ին ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո իրավապահներին «հանձնված» «Սասնա ծռերի» անդամներ Գագիկ Եղիազարյանին և Արամ Հակոբյանին բռնության ենթարկելու վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում: Այս մասին երեկ Armtimes.com-ի հետ զրույցում հայտարարել է նրանց պաշտպան Լուսինե Հակոբյանը՝ հավելելով, որ չգիտի այդ նյութերը նախապատրաստվում են ԱԱԾ վարույթում, թե՞ հիմնական գործի հետ փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն: Գագիկ Եղիազարյանը և Արամ Հակոբյանը պաշտպանի պնդմամբ՝ ձերբակալվելիս ծեծի են ենթարկվել իրավապահների կողմից: Առկա են մարմնական վնասվածքներ, մասնավորապես Արամ Հակոբյանը դեմքի, մեջքի, գոտկատեղի շրջանում, հավանական է նաև՝ քթի կոտրվածք: Գագիկ Եղիազարյանը պարանոցի շրջանում է վնասվածքներ ստացել: Լուսինե Հակոբյանի փոխանցմամբ՝ Արամ Հակոբյանին ծեծողները եղել են 7-8 հոգի, նրանց դեմքերը Հակոբյանը չի տեսել, քանի որ դիմակավորված են եղել: Պաշտպանը միջնորդել էր, որ թե՛ Եղիազարյանը, թե՛ Հակոբյանը ենթարկվեն դատաբժշկական փորձաքննության: «Գագիկ Եղիազարյանը դեռևս դատաբժշկական փորձաքննության չի ենթարկվել, Արամ Հակոբյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր, որի համաձայն նա պետք է ենթարկվեր ռենտգեն և նյարդաբանական հետազոտությունների, ինձ պետք է տեղեկացնեին այդ հետազոտությունների կատարման վայրի և ժամի մասին, որ ես ևս մասնակցեի, բայց ես դեռևս տեղեկություն չունեմ: Ռենտգեն հետազոտությամբ պետք է պարզվի նաև՝ Արամ Հակոբյանը ծեծի հետևանքով քթի կոտրվածք ստացել է, թե ոչ: Ինչքան ուշացնեն, այնքան ավելի դժվար կլինի ունենալ ամբողջական և ճշգրիտ փորձագիտական եզրակացություն»,- ասել պաշտպանը:
