Դատարանը պարբերաբար ընդմիջում էր նիստը, որպեսզի ցավազրկում ներարկեն Թաթուլ Թամրազյանին
«Սասնա ծռերի» անդամ 26-ամյա Թաթուլ Թամրազյանը, որը հրազենային վիրավորում էր ստացել հուլիսի՝ 17-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ, այսօր կալանավորվեց: Թաթուլ Թամրազյանին «Էրեբունի» հիվանդանոցից դատարան են տեղափոխել «Շտապօգնության» մեքենայով՝ պատգարակի վրա: Մեր զրույցում նրա պաշտպան Մոնիկա Մարգարյանն ասաց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը շատ վատ է, իրեն թույլ է զգում. «Դատարանը պարբերաբար ընդմիջում էր նիստը, որպեսզի ցավազրկում ներարկեն Թաթուլ Թամրազյանին»,-ասաց պաշտպանը: Նա նշեց, որ դատարանի որոշումը անհիմն է եւ հնգօրյա ժամկետում կոբողոքարկի այն: Մոնիկա Մարգարյանն ասաց, որ գրավի միջնորդություն է ներկայացրել, սակայն այն մերժվել է: Դատարանից Թաթուլ Թամրազյանին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց»: Թաթուլ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) եւ 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը): Առաջադրված մեղադրանքում նա իրեն մեղավոր չի ճանաչում: Հիշեցնենք, որ Թաթուլ Թամրազյանը վիրավորվել էր հուլիսի 17-ին՝ ոստիկանության ՊՊԾ գունդը գրոհելու ընթացքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ: armtimes.com
