Մեկնարկում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը
Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որը որոշակի առումով վճռորոշ է լինելու ոչ միայն Հայաստանի պատվիրակության, այլև ընդհանուր առմամբ Հայաստանի արտաքին ողջ դիվանագիտության համար: ԵԽԽՎ-ում քննարկվելու է բրիտանացի պատվիրակ, այլևս քաղաքական թոշակառու , պրոադրբեջանական անթաքույց կողմնորոշում ունեցող Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» հակահայ զեկույցը, որի հեղինակն անգամ ջանք չթափեց այցելելու Լեռնային Ղարաբաղ ու տեղում ծանոթանալու իրավիճակի հետ: Ի դեպ, Ուոլթերը մինչ այդ էլ երբևէ Արցախում չի եղել: Երկրորդ զեկույցի հեղինակ Միլիցա Մարկովիչն է Բոսնիա և Հերցեգովինայից, ով ևս աչքի ընկավ նրանով, որ այդպես էլ չայցելեց Սարսանգի ջրամբար, թեև իր փաստաթուղթը նվիրված է հենց դրան: Ադրբեջանը, որ, ըստ էության, Սարսանգի ջրամբարի ջուրն է ուզում, տիկին Մարկովիչի թեթև ու կաշառված ձեռքով հեղինակել է «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցը, որն ընդունվելու դեպքում ԵԽԽՎ-ն, փաստացի, դատապարտելու է Հայաստանի իշխատություններին: Փաստաթղթում ասված է. «Հայաստանի իշխանությունները պետք է դադարեն օգտագործել ջրային ռեսուրսները՝ որպես քաղաքական ազդեցության գործիք կամ ճնշման միջոց՝ ի շահ հակամարտության կողմերից միայն մեկի: Վեհաժողովը խստորեն դատապարտում է Հայաստանի իշխանությունների և հայկական խորհրդարանական պատվիրակության համագործակցության պակասը այս զեկույցի նախապատրաստման ընթացքում: Վեհաժողովը անհամատեղելի է համարում նման վարքագիծը մի երկրի ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների հետ, որը Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ է»: Հասկանալի է, որ նման ձևակերպումները, որոնք պարունակում են երկու հակահայ զեկույցները, անընդունելի են Հայաստանի ու հայկական պատվիրակության համար: Բայց այսօր կերևա, թե որքանով արդյունավետ աշխատանք տարան ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորները՝ անկախ իրենց քաղաքական կողմնորոշումներից և ինչ տրամադրություններով կվերադառնան շաբաթվա վերջին Հայաստան:
