Հարկավոր է վռնդել, վտարել և պատժել. Ազատ Արշակյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը խոսեց երկրում ստեղծված իրավիճակի և հասարակության դժգոհությունների մասին: Ինչպես նաև, թե ինչ հանգուցալուծում կստանա այս ամենը, արդյոք կլինեն վերջին պաշտոնանկություններ, ինչպիսի ընթացք կունենա ստեղծված իրավիճակն ու որոնք են ելքերը: Անդրադառնալով պաշտոնանկություններին և այն հարցին, թե արդյոք ՀՀ գլխավոր դատախազի հրաժարականը կապ ուներ այս իրադարձությունների հետ, Ազատ Արշակյանը պատասխանեց. «Իհարկե, եթե պաշտոնանկ արվի նույնիսկ դատախազության դռնապահը, ապա կապված է դրա հետ: Հայաստանում հիմա ոչինչ այդ մասշտաբի չի արվում, առանց այդ ակցիայի: Դատախազը, իհարկե, պետք է պաշտոնանկ արվեր, հենց դրա հետ է կապված, և ես չեմ ընդունում նրա հերոսացումը, դա միֆ է: Դատախազը, դատախազությունը նույնպես պատասխանատվությունն է կրում այս վիճակի համար: Նրանք, ովքեր գտնում են, որ իրենք կոմպետենտ չեն դա մեղմացնում է նրանց վիճակ, իսկ ովքեր կառչել են իրենց պաշտոններից, նրանց հարկավոր է վռնդել, վտարել և պատժել»: Նրա խոսքով՝ դատախազը կարևոր պաշտոնյա էր, այսինքն՝ կանխելու իմաստով շատ առիթներ են եղել, նա շատ բան է իմացել և չի կանխել:
