«Պավլիկն էլ է քայլելու, բոլորն էլ քայլելու են». բժիշկ. aravot.am
Մի խումբ քաղաքացիներ «Էրեբունի» բժշկական կենտրոնի դիմաց էին հավաքվել՝ պահանջելով տեղեկատվություն տրամադրել բժշկական կենտրոնում բուժում ստացող «Սասնա ծռեր» խմբավորման անդամների մասին: Այս մասին գրում է aravot.am-ը։ Շուտով նրանց մոտեցավ «Էրեբունի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը. «Բոլորի առողջական վիճակը դրական տենդենցով է գնահատվում: Երկու հոգու՝ Թաթուլ Թամրազյանին եւ Արմեն Լամբարյանին, այսօր առավոտյան ուղարկել ենք հիվանդասենյակ, եւ իրենց վիճակը բավարար է գնահատվում: Սեդրակ Նազարյանը դեռեւս կմնա վերակենդանացման բաժանմունքում, բայց այսօր իր վիճակն ավելի լավ էր, քան երեկ: Օրեցօր վիճակի մեջ մենք դրական միտումներ ենք տեսնում, ինքը համապատասխան դեղորայք է ստանում, բժիշկները խնամում են, վերքերը նորմալ ընթացքով լավանում են»: Միքայել Մանուկյանը ասաց, որ դեռեւս շուտ է հետեւանքների մասին խոսելը, բայց վստահություն հայտնեց, որ բուժումը լիարժեք է լինելու եւ որեւէ մեկի մոտ հետեւանք չի լինելու: Քաղաքացիները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք հաշմանդամություն ունենալու են, Միքայել Մանուկյանը պատասխանեց՝ ոչ, հաշմանդամության խնդիր չի լինելու. «Ուղղակի խնդիրն այն է, որ դեռեւս շուտ է այդ հարցին պատասխանել: Մենք անցել ենք ամենածանր փուլը, եւ փառք աստծո, բարեհաջող ենք անցել: Մնում է արդեն վերականգնողական եւ մնացած փուլերը, որոնք արդեն սկսել ենք կազմակերպել»: Քաղաքացիները մասնավորապես հետաքրքրվում էին Պավլիկ Մանուկյանի իրավիճակով, Միքայել Մանուկյանը դժվարացավ պատասխանել, քանի որ իր իրավասության տիրույթում չէ: Քաղաքացիներին անհանգստացնում էր, թե արդյոք Պավլիկ Մանուկյանը քայլելու է: Միքայել Մանուկյանը ասաց. «Այո՛, իհարկե՛, քայլելու է: Պավլիկն էլ է քայլելու, բոլորն էլ քայլելու են, ժամանակ է պետք»:
