Ղազախստանն ու մի շարք երկրներ համապատասխան քայլեր են ձեռնարկում Գյուլենի կողմնակիցների դեմ. Չավուշօղլու
Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, դիմելով համակիրներին, հայտարարել է, որ Թուրքիան գտնվելու է այն երկրների կողքին, ովքեր պայքար կմղեն Ֆեթհուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպության դեմ։ Նրա խոսքով՝ Ղազախստանն ու մի շարք երկրներ համապատասխան քայլեր են ձեռնարկում Գյուլենի կողմնակիցների դեմ. «Նման կերպ է վարվելու Պակիստանը։ Սոմալիում արդեն իսկ փակվել է Գյուլենի կազմակերպությունը։ Որտեղ էլ որ գտնվեն այդ դավաճանները, մենք կհետապնդենք նրանց։ Ղրղըզստանն այնպիսի երկիր է, որտեղ Գյուլենի կողմնակիցները ստեղծել են իրենց կառույցների առավել ճյուղավորված ցանց»։ Դիմելով Բիշքեկին՝ Չավուշօղլուն հայտարարել է. «Ձեր շրջապատում կան դավաճաններ։ Նրանք հանդես են գալիս ոչ անհրաժեշտ հայտարարություններով։ Մենք վշտացած ենք և զգուշացնում ենք եղբայրներին։ Նորից ենք զգուշացնում, որ եթե դուք չմաքրեք երկիրը, ապա այդ դավաճանները վաղը կզավթեն իշխանությունը Ղրղըզստանում։ Մենք կանենք մեզանից կախված ամեն բան»։
