Նյու Յորքի ողջ տարածքում արգելվել է երթևեկությունը
Նյու Յորք նահանգում և ԱՄՆ-ի ամենախոշոր քաղաքում՝ Նյու Յորքում այսօր արգելվել է ավտոմոբիլային երթևեկությունը: Քաղաքացիական և հատուկ ծառայություններին չպատկանող բոլոր մեքենաների վարորդները ձերբակալվում են: Ավտոմոբիլային այս «պարետային ժամը» կապված է պատմական ձնաբքի հետ, որը 1869թ -ից ի վեր ամենահզոր հինգ փոթորիկկներից մեկն է: Նյու Յորք նահանգում, ինչպես նաև հարևան տաս այլ նահանգներում հայտարարված է արտակարգ դրություն: Դեռևս կեսօրից երթևեկությունը քաղաքում դարձել է անհնար, իսկ ձնամաքրող մեքենաների հզորությունը տեղումների ծավալի հետ կապված՝ չի կարող բավարարել արդյունավետ ձնամաքրման համար: Ըստ նահանգի օրենքի՝ բնակիչներն ու բիզնեսների տերերը պարտավոր են տեղումների ավարտից գրեթե անմիջապես հետո մաքրել իրենց պատկանող շենքերի և շինությունների առջև գտնվող մայթերը: Բազում նյույորքցիներ անհանգստացած են, որ դա նրանցից հսկայական ֆիզիկական և նյութական միջոցներ կպահանջի: Դեռևս նախօրեին քաղաքում գրեթե լիովին դատարկվել էին սուպերմարկետների սննդի բաժինները, իսկ օնլայն կինոդիտումների «Նեթֆլիքս» համակարգն այսօր գրեթե աննախադեպ գործածում է արձանագրել: Դա պայմանավորված է տանը «բարիկադավորված» քաղաքացիների՝ իրենց զբաղեցնելու հանգամանքով: Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն, քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն և Նյու Ջերզիի նահանգապետ Քրիս Քրիսթին, որն, ի դեպ, նահանգների նախագահի թեկնածու է հանրապետական կուսակցությունից, արդեն հանդես են եկել մի քանի մամուլի ասուլիսներով՝ տեղեկացնելով իրավիճակի մասին և բնակչությանը հորդորելով անգամ տներից դուրս չգալ: Զգուշացվել է նաև, որ հնարավոր են հոսանքազրկումներ՝ պայմանավորված կործանվող էլեկտրահանգույցներով: Այդպիսի դեպքերի համար տեղեկացվել է, որ այն քաղաքացիները, որոնք հոսանքազրկման արդյունքում կմնան առանց սննդի և ջերմության, կարող են այցելել երկու նահանգների տարածքներում բացված հատուկ կացարաններ, որտեղ կապահովվեն անվճար սննդով և ջերմ կացարանով: Նյու Ջերզի նահանգում տեղի է ունեցել նաև ջրհեղեղ, որի արդյունքում օվկիանոսի սառցախառը ջրերը ծածկել են առափնյա Ջերզի Շոր գոտու բնակավայրերը և հեղեղել տները՝ գրեթե կրկնելով 2012թ. հոկտեմբերի «Սենդի» աղետալի փոթորկի սցենարը: ԱՄՆ հիդրոմետ ծառայությունը հայտնել է, որ ձնաբուքը կավարտվի այս գիշեր, իսկ վաղն արդեն արևոտ և պայծառ եղանակ կիշխի: Նախատեսվում է, որ երկուշաբթի արդեն նյույորքցիներն ու նյուջերզիցիները կկարողանան բնականոն ռեժիմով աշխատանքի դուրս գալ:
Լուսանկարը՝ հատուկ Հայելու համար:
Լուսանկարում՝ Ձնաբքի սկիզբը հարավային Նյու Յորքում:
Հ. Այվազյան
